Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«ՄԱՐԴՈՒ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԻ` «ՄԱՍԼՈՈՒԻ ԲՈՒՐԳԸ» ԳԼԽԻՎԱՅՐ Է ՇՐՋՎԵԼ»

«ՄԱՐԴՈՒ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԻ` «ՄԱՍԼՈՈՒԻ ԲՈՒՐԳԸ» ԳԼԽԻՎԱՅՐ Է ՇՐՋՎԵԼ»
20.05.2011 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրատես de facto»-ի հյուրն է արձակագիր, հոգեբանության պրոֆեսոր, դատական փորձագետ ԷԼԴԱ ԳՐԻՆԸ
«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՊՐՈՊԱԳԱՆԴՈՒՄ ԵՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ»
-Տիկի՛ն Էլդա, մեզանում հիմա շատ են բարձրաձայնում կանանց հանդեպ կիրառվող բռնությունների մասին, դրանք դասակարգվում են առանձին խմբերով` ֆիզիկական, սեռական, հոգեբանական բռնությունների: Այս բարձրաձայնումների արդյունքում կարելի՞ է ակնկալել կանանց հանդեպ հասարակության, մասնավորապես` տղամարդկանց վերաբերմունքի փոփոխություն, թե՞ այդ ամենն ընդամենը հավուր պատշաճի ասվող խոսքեր են, եվրոպական բարքերին մերձենալու արտաքին տուրք:
-Մենք շատ ենք փոխվել: Հայի մենթալիտետը բոլորովին այլ է: Նախ` ձգտում կա հետ չմնալու եվրոպական երկրներից: Բացի այդ, տեղեկատվության բոլոր աղբյուրները պրոպագանդում են բռնություն` սկսած մուլտֆիլմերից: Դրանց հերոսներն առաջվանը չեն` հաճելի, համակրանք առաջացնող: Սարսափելի դեմքեր են, և փոքր երեխաներն արդեն վարժվել են դրանց: Նույն պատկերն է համակարգչային խաղերի դեպքում` բռնություն, սարսափ: Մարդիկ դարձել են չոր, դաժան: Եվ քանի որ այն մութ, դժվար տարիներին կինը տղամարդու դեր կատարեց, տեղի ունեցավ դերերի խեղաթյուրում: Դադարեցին կնոջն իբրև նուրբ, թույլ, գեղեցիկ էակի ընկալելուց: Մարքսի աղջիկը հարց էր տվել. «Ի՞նչն եք գնահատում կնոջ մեջ»: Հայրը պատասխանել էր` թուլությունը: Իսկ Էնգելսը կնոջ մեջ գնահատել էր վերցրածը տեղը դնելու հատկությունը: Ես շատ զարմացա այդ պատասխանից: Բայց հետագայում Հեսսեի վեպերից մեկում նույնպես հանդիպեցի կնոջ այդ հատկանիշի կարևորմանը: Այնպես որ, յուրաքանչյուր ժամանակ և իրավիճակ իր պահանջներն է բերում: Հիմա մարդկանց մեջ արթնացել է գազանը, որովհետև տղամարդը կորցրել է այն հիմնական հատկությունները, որոնք նրան տրված էին բնությունից: Առաջ մեզանում ավանդական ընտանիքներ էին: Իսկ ավանդական ընտանիքներում դերերը շատ ստույգ են բաժանված: Ավանդական ընտանիքում տղամարդը պետք է ապահովեր տնտեսական, ֆինանսական կողմը, իսկ կինը պահպաներ տան կարգուկանոնը, զբաղվեր երեխաների դաստիարակությամբ, կիսեր տղամարդու հետաքրքրությունները: Հիմա հակառակ վիճակն է: Տղամարդը չի աշխատում, կինը տնտեսական հոգսերը վերցրել է իր վրա: Ես աշխատում եմ երկու ներման հանձնաժողովում` անկախ և նախագահին կից: Վերջերս նախագահին կից հանձնաժողովում քննարկում էինք որոշ հարցեր, ու ես ասացի. «Հիմա կանայք ավելի հեշտ են աշխատանք գտնում, քան տղամարդիկ, որովհետև բավական է, որ կինը մազերը ներկի խարտյաշ»: «Եվ ունենա երկար ոտքեր»,- հեգնանքով ավելացրեց նախագահը: Բայց չէ՞ որ սա աբսուրդ է: Տղամարդիկ չեն կարողանում աշխատանք գտնել, իսկ գիտությունն ապացուցել է, որ մարդու ինտելեկտը լիովին հասունանում է քառասուն տարեկանին մոտ հասակում: ՈՒրեմն մենք այդ ինտելեկտուալ պոտենցիալը կորցնում ենք. վաթսուն տարեկանում մեզ մոտ մարդուն աշխատանքից ազատում են: Նույնիսկ բուհերում է այդպես: Ես շատ շատերին անձամբ եմ ճանաչում, որ զրկվել են աշխատանքից: ՈՒ նրանց հետ զրուցելիս ցավ եմ ապրում, անհարմար եմ զգում, որովհետև լավ մասնագետներ են, առողջ մարդիկ են, գործունակ են, էներգիայով լի են, բայց չեն աշխատում: Ես ուղղակի չգիտեմ, թե եղեռնի մասին էսքան խոսելու պարագայում, ինչո՞ւ ենք մենք բացարձակ լռության մատնում տարիներ շարունակ տեղի ունեցող այս անտեսանելի, «թավշյա» եղեռնը: Եղեռնը եղել է մոտ 100 տարի առաջ, ու մենք հիմա խելահեղ վազքի մեջ ձգտում ենք արագ ճանաչել տալ այդ իրողությունը: Բայց այս եղեռնը` ընտանիքների կործանումը, երիտասարդների համար սովորական դարձած անգործությունը, գործատեղերի բացակայությունը, ո՞ւմ պիտի մտահոգի:
«ԱՅՍՕՐ «ГОЛУБОЙ» ՊԻՏԱԿԸ ԴԱՐՁԵԼ Է ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԻ ԲԱՆ»
-Մեր քաղաքը լցվել է կասկածելի գիշերային զվարճավայրերով, որոնցում մարմնավաճառի արհեստն այլևս կանանց մենաշնորհը չէ: Այստեղ անառողջ բնազդների ու կրքերի թիրախ են դառնում պատանեկան տարիքի տղաները: Նման մի անառականոցի մասին սահմռկեցուցիչ պատմություններ եմ լսել բոլորովին վերջերս: Իբրև հոգեբան` ինչպե՞ս եք գնահատում այս երևույթի արմատացումը մեզանում:
-Սա ևս իմ նշած եղեռնի ամենասոսկալի դրսևորումներից մեկն է: Այսօր շատ սովորական դարձած այդ «չՏսցոՏռ» բառը առաջներում չկար: Երբ երիտասարդ էինք, քաղաքում մեկ այդպիսի տղամարդու մասին էին ընդամենը խոսում, ու բոլորս նրան ճանաչում էինք: Իսկ հիմա նույնիսկ շատ բարձր պաշտոնյաների մասին, առանց ամաչելու, ասում են, որ «չՏսցոՏռ» է: Այսօր «չՏսցոՏռ» պիտակը դարձել է սովորական մի բան: ՈՒ ես կարծում եմ, որ այս դեպքում գործում է բումերանգի օրենքը: Պետք չէր հասցնել հասարակությանն այն աստիճանին, այն վիճակին, որ հարվածը բումերանգով վերադառնար իրենց, և նրանք դառնային այլասերված այդ երևույթի կրողը: Բոլորին էլ հայտնի են Ձեր նշած վայրերը, նույնիսկ փողոցներն ու պուրակներն են հայտնի, որ դարձել են նրանց համար հավաքատեղի: Հենց մութն ընկնում է, 13-14 տարեկան տղաները կանգնում են այդ վայրերում: Ի՞նչ անեն: Պետք է ապրե՞ն, թե՞ ոչ: Ստիպված են անել այդ բանը: Իսկ մեր ազգն այդպիսին չէր: Առաքինի, հոգով մաքուր մարդիկ էինք: Հիմա թացն ու չորը չես տարբերում:
«ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԻՐ ԱՊԱԳԱՆ ՏԵՍՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆ Է»
-Դատական փորձագետ եք և տեղյակ եք մեզանում կատարվող հանցագործությունների վիճակագրությանը: Ո՞ր տեսակի հանցագործություններն են գերակշռող այսօր:
-Չեմ կարող ստույգ վիճակագրական թվեր ասել: Գուցե դրա իրավունքն էլ չունեմ: Բայց նկատում եմ, որ շատ են բռնաբարությունների, անչափահասների հետ անառակաբարո գործողությունների, բանակում կատարվող ինքնասպանությունների դեպքերը: Վերջիններն աշխատում են ամեն կերպ թաքցնել, բայց դրանք կան: Եվ ես նկատում եմ, որ մեկուսարանների, բանտերի օրենքները տեղափոխվել են բանակ: Այնպիսի՜ նվաստացումների են ենթարկվում զինվորները: Նրանցից շատերին ներշնչում են, որ իրենք այլևս կյանք չունեն, որ իրենց արդեն փչացրել են, որովհետև այս կամ այն վիրավորական բառն են ասել: Շատ չեմ ուզում մանրամասնել, բայց դա իսկապես ցավալի երևույթ է: Իսկ գողությունները միշտ էլ տարածված են եղել, հիմա առավել ևս շատ են, որովհետև հացի կարոտ են մարդիկ: Եթե ինձնից կախված լիներ, օրենքներն ամբողջովին կփոխեի: Հանցագործ կանանց մի զանգված կա, որոնց ես չէի ուղարկի գաղութ: Նրանք կարող էին աշխատել ու որպես պատիժ` դրա դիմաց չվճարվել: Բայց մնային իրենց երեխաների հետ: Որովհետև հաճախ հայր չկա, անվերադարձ գնացել է Ռուսաստան կամ չգիտես` ուր: Եթե երեխային զրկում են նաև մորից, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ կպատահի այդ երեխայի հետ: Հայրական զգացմունքն էլ առանձին խոսակցության թեմա է: Մենք հաճախ խոսում ենք մայրական բնազդի մասին, քննարկում, որ մայրն իր երեխային տանում է մանկատուն: Բայց մայրն էլ ունի իր տրամաբանությունը: Նա պատճառաբանում է, որ մանկատանն իր երեխային գոնե երեք անգամ կերակրում են, միս են տալիս, մի բան, որ ինքը չի կարող անել տանը: Եվ չես կարող այդ կնոջը մեղադրել: Նույն պատճառաբանությամբ կատարվում է ավելի սարսափելի բան. նորմալ երեխաներին մայրերը տանում են գիշերօթիկ, որտեղ նրանց պահում են թերզարգացած, արատավոր երեխաների հետ: Հետևաբար, նորմալ երեխան ինքն էլ արդեն դատապարտված է, նա չի կարող զարգանալ, աճ ունենալ: Մենք կարող ենք շատ խոսել, տրամաբանել, վրդովվել: Բայց այս հարցերի համար մեկ լուծում կար. չէր կարելի կողոպտել, հափշտակել, վաճառել գործարանները, ֆաբրիկաները, ձեռնարկությունները: Հիմա եղածը եղած է, արդեն պետք է մտածել այսօրվա քայլերի մասին: Հարկավոր է շուտափույթ աշխատատեղեր ստեղծել մարդկանց համար, որ նրանք զբաղված լինեն, բավարարեն իրենց գոնե նվազագույն պահանջները և չդիմեն հանցագործության: Ո՞Ւմ համար է հաճելի բանտում նստելը: Ո՛չ մեկի: Բայց շատ նորմալ երիտասարդների եմ հանդիպում իմ պրակտիկայում, ովքեր խոստովանում են, որ իրենք ցանկացել են հայտնվել բերդում: ՈՒ պատճառաբանությունները տարբեր են: Մի մասն ասում է, որ բերդում լինելը գերադասելի է, որովհետև այնտեղ գործում են «ճշտի» օրենքները, իսկ դրսում` փողի: Իրենք փող չունեն, ուրեմն ցանկանում են լինել բերդում: Մեկ այլ խնդիր է ծառանում դատվածություն ունեցողների առջև: Մարդիկ դուրս են գալիս բանտից և ուզում են աշխատել, ազնիվ կյանքով ապրել: Բայց այդպիսիներին աշխատանք չեն տալիս: Եվ մարդը, ի վերջո, նորից հանցանք է գործում ու վերադառնում բանտ, որտեղ իրեն «ընդունում» են, կերակրում: Բայց չէ՞ որ այս բաներից խուսափելու համար բարձրագույն մաթեմատիկական հաշվարկներ պետք չէ անել, ամեն բան այնքա՜ն պարզ է. մարդուն տուր աշխատանք և պայմաններ ստեղծիր, որ վաստակի իր հացի փողը: Այդ դեպքում ինչո՞ւ պիտի նորմալ մարդը հանցագործություն կատարի: Չգիտեմ էլ, թե ում մեղադրեմ այս հարցերում: Նախ, իմ կարծիքով, մեծագույն անբարոյականություն է, որ մեր երկրում այդքան զգալի է բևեռայնացումը. կան շատ հարուստներ և ծայրահեղ աղքատներ: Միջին խավ կա, թե ոչ, պարզ չէ: Անարդար է այսպիսի վիճակը: Եվ անհասկանալի է, որ մեր հեռուստատեսությունն ամբողջ օրն ուտելիք, ռեստորաններ ու այս կարգի բաներ է պրոպագանդում: Ինձ թվում է, որ մեր երկիրն իրավական երկիր չէ, որովհետև տեսնում եմ, որ իրավունք հասկացությունը կառուցված է ոչ ճիշտ ձևերով: Ստեղծում են այնպիսի օրենքներ, որոնք գործում են հօգուտ ոմանց: Կցանկանայի, որ մեր դատավորները լինեին ավելի խիզախ, անկաշկանդ, առաջնորդվեին խղճով: Հին ժամանակներում Սիցիլիայի ափին ապրում էր մի ժողովուրդ, որն ուներ իր գրված և չգրված կանոնադրությունը: Բարոյական օրենքները, որոնք չգրվածների թվում էին, հենվում էին ոչ թե ամոթի, այլ խղճի վրա: Խիղճն ամոթից շատ բաներով է տարբերվում: Խղճի դեպքում դատավորը քո ներսում է, դու քո դատավորն ես: Որևէ մեկը կարող է չիմանալ քո արածը, բայց դու ինքդ քեզ չես ների, եթե անմաքուր ես խղճիդ առաջ: Իսկ ամոթի պատճառ կարող ես և չունենալ, եթե ոչ ոք տեղյակ չէ քո հանցանքին, և դու էլ այն կատարելիս խղճի խայթ չես զգացել: Այս գիտակցումից ելնելով` սիցիլիացի այդ ժողովուրդն իր բարոյական օրենքներում հենվում էր խղճի վրա: Նրանց տղամարդիկ գնում էին ծով, հայթայթում ընտանիքի ապրուստը և երկար բացակայությունից հետո վերադառնում: Այդ ընթացքում միայնակ մնացած կնոջը ոչ ոք չէր հետևում, չէին փորձում իմանալ` նա հավատարի՞մ է մնացել իր ամուսնուն, թե՞ ոչ: Ամեն բան թողնում էին կնոջ խղճին: ՈՒ եթե կինն անգամ դավաճանել էր ամուսնում, բայց կարողացել էր մոռանալ, նա ներվում էր, համարվում անմեղ: Իսկ եթե չէր կարողանում մոռանալ, ուրեմն պիտի թողներ-հեռանար ընտանիքից: Եվ հնարամիտ կանայք գտել էին ելքը. հեռանում էին իրենց բնակավայրից, կրակ վառում, վերցնում մի առարկա, իդենտիֆիկացնում (նույնացնում) այն իրենց մեղքի հետ ու գցում կրակը: Առարկան, այսինքն` մեղքը, այրվում-դառնում էր մոխիր: Եվ կինը հանգիստ խղճով գալիս էր տուն, որովհետև ոչ ոք չէր էլ հետաքրքրվում, թե ինչ է արել նա ամուսնու բացակայության ընթացքում: Եթե ինքը մաքրվել էր, այրել իր մեղքը, մոռացել այն, ուրեմն ոչ մի դավաճանություն էլ չէր եղել: Ինչո՞ւ այսքան երկար պատմեցի, որովհետև ինձ այս պատմության մեջ հետաքրքրում է խղճի պահը: Ես կցանկանայի, որ մեր դատավորների մեջ աշխուժանար այդ խիղճը: Երբ մենք լցնում ենք բանտերը մարդկանցով, որոնք երկու մետր մետաղալար կամ մի քանի ալյումինե իր են գողացել, չպիտի մոռանանք այդ մարդկանց երեխաների մասին: Նրանք մեծանում են հանցագործի երեխայի պիտակով, նրանք արդեն իրենց կյանքում չունեն օրինակելի հոր կերպարը: ՈՒ նաև շատ պիտի մտածենք այն մասին, որ հայերը նորից երկրից գնում են: Իսկ դրսում նրանք ու հատկապես նրանց երեխաները այլևս հայ չեն մնալու: Օտար սովորույթներ, անծանոթ տոներ ու ծեսեր… Այս պարագայում հայերն անպայման ձուլվելու են օտար միջավայրի հետ: Եթե չձուլվեն էլ, արդեն դժբախտ մարդիկ են, որովհետև մարգինալ են: Հիմնական մասը ո՛չ լրիվ ձուլվում է օտարների հետ, ո՛չ էլ լրիվ հայ է մնում: Պահենք մեր հայերին, պահենք մեր ինտելեկտն այստեղ: Մենք ցիրուցան ենք անում մեր ինտելեկտը: Չի կարելի էդպես վարվել: Մեր նյութական պաշարների հետ այդպես վարվեցինք, ոչնչացրինք անխնա: Հիմա էլ նույն կերպ ենք վարվում ինտելեկտի հետ: Նյութականն ու ինտելեկտը խառնել ենք իրար, իրարից չենք տարբերում և առաջ ենք շարժվում նույն քաղաքականությամբ: Ամենակարևորը մարդու համար իր ապագան տեսնելու հանգամանքն է: Տղամարդու համար դա ավելի կարևոր է, քան կնոջ: Կինը տարվում է առօրյա կյանքով, երեխաներով, տնտեսությամբ, օջախը պահելու ամենօրյա նպատակով, և սրանք բավարար են, որ նա իր կյանքն իմաստավորված զգա: Իսկ եթե տղամարդուց խլում ես ապագան տեսնելու հնարավորությունը, նա ինքն իրեն կորցնում է, հուսահատվում, հիվանդանում, դադարում կյանքն արժևորելուց: Տղամարդիկ անպայման պետք է ապագայի ծրագիր, նպատակ ունենան: Այս է պատճառը, որ նրանք անում են հեղափոխություններ, սանձազերծում պատերազմներ: Կինը կարող է շարժառիթ լինել գուցե, ինչպես Կլեոպատրան, բայց իրագործողները տղամարդիկ են: Տղամարդն անպայման պիտի զգա, որ կա ապագա, որ ինքը կարող է ապահովել ընտանիքի ապրուստը: Իսկ այսօր մեր երիտասարդներից շատերը չեն կարող ընտանիք կազմել, որովհետև վստահ չեն, որ կարող են պահել իրենց ընտանիքը, վստահ չեն, որ կունենան տանիք իրենց գլխավերևում: Այդ խնդիրների լուծումը դարձել է ֆանտաստիկա: ՈՒ մենք սառնարյունորեն պիտի նայենք այդ շարունակական «թավշե» եղեռնի՞ն: Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր այս ամենում հայերին ոչնչացնելու հետևողական ծրագիր են տեսնում: Մարդու պահանջմունքների` «մասլոուի բուրգը» գլխիվայր է շրջվել: Ամենացածր մակարդակի պահանջմունքները բարձրացել են վերև, իսկ ինտելեկտուալ, հոգևոր պահանջմունքներն իջել են ներքև: Հիմա փող ունես, մարդ ես: Փողով կարելի է ամեն ինչ գնել, ընդհուպ մինչև դիպլոմներն ու կոչումները: Եթե մարդու գլխում ոչինչ չկա, բայց գրպանը լիքն է, արդեն բոլոր հարցերը կարելի է լուծված համարել:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5603

Մեկնաբանություններ